Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է գնահատել տուգանքի հնարավոր ազդեցությունը տնտեսավարողի նկատմամբ․ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը

- 2025-05-21
«Ռիթմ Ֆարմ» ընկերության անունից ներկայացված հայցով պահանջել էինք անվավեր ճանաչել մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) թիվ 54-Ա որոշումը, որով ընկերությունը վարչական պատասխանատվության էր ենթարկվել՝ հանձնաժողովին տեղեկատվություն չտրամադրելու համար և տուգանվել 1,000,000 ՀՀ դրամի չափով։
ՀՀ վարչական դատարանը բավարարել էր հայցը՝ գտնելով, որ վարչական ակտում բացակայում են պատշաճ հիմնավորումներ, թե ինչու է ընտրվել հենց 1,000,000 դրամի տուգանքի չափը, ինչպես նաև բացակայում են ընկերության նկատմամբ նշանակված տուգանքի հնարավոր ազդեցության վերաբերյալ պատշաճ վերլուծությունները։ Դատարանը գտել էր, որ հայցվորի նկատմամբ պատասխանատվություն սահմանելու և տուգանքի չափը սահմանելու համար անհրաժեշտ հիմնավորումների բացակայությունը պետք է հանգեցնի ակտի անվավերության։
Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Հանձնաժողովի բողոքը՝ թողնելով անփոփոխ վարչական դատարանի վճիռը, սակայն միաժամանակ նշել է, որ, բացի բացակայող հիմնավորումներից, կարևոր է օրենքով նախատեսված բոլոր պայմաններին անդրադառնալը, օրինակ՝ կրկնակիության հանգամանք, շարժառիթներ և այլն, ինչը չի իրականացվել պատասխանողի։
Վճռաբեկ դատարանը վերահաստատել է ստորադաս դատարանների եզրահանգումները վարչական ակտի անվավերության վերաբերյալ, սակայն միաժամանակ արտահայտել է նոր դիրքորոշում, որով նշել է հետևյալը․
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել պատասխանատվության միջոց նշանակելիս, ոչ բոլոր դեպքերում են պարտադիր կիրառելի. պետք է հաշվի առնել կոնկրետ իրավախախտման տեսակը և դրա առանձնահատկությունները։
- Այսինքն, հնարավոր է որոշ դեպքերում ոչ բոլոր նշված հանգամանքները լինեն կիրառելի կամ պահանջեն քննարկում,
- Հանձնաժողովը, երբ որոշում է պատասխանատվության միջոցների կիրառման հարցը, պետք է գնահատի միայն կոնկրետ դեպքին առարկայապես վերաբերելի հանգամանքները, այլ ոչ թե անպայմանորեն բոլորն անվերապահորեն,
- Սակայն, առնվազն պարտադիր է հիմնավորել նշանակվող տուգանքի չափը և այդ տուգանքի հնարավոր ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտի վրա, ինչը ներկայիս գործով չի իրականացվել։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել՝ ստորադաս դատարանների կայացրած ակտերը թողնելով անփոփոխ՝ իր նշած լրացուցիչ մեկնաբանություններով։
Հետևություններ և վերջնական ամփոփում՝
Այս գործով ՀՀ վճռաբեկ դատարանի տված դիրքորոշումը կարևոր է երկու առումով․
- Մի կողմից հաստատվել է վարչական մարմնի կողմից հայեցողական լիազորությունների կիրառման չափորոշիչների կարևորությունը, մասնավորապես՝ տուգանքի չափի և դրա հնարավոր ազդեցության հստակ հիմնավորումը։ Այդ հիմնավորումների բացակայությունը կհանգեցնի վարչական ակտի անվավերության։
- Մյուս կողմից վճռաբեկ դատարանը հստակեցրել է, որ օրենքով սահմանված բոլոր հանգամանքները միշտ չէ, որ կիրառելի են յուրաքանչյուր դեպքում, այլ պետք է դիտարկել դրանք կոնկրետ իրավախախտման առանձնահատկությունների և տեսակի համատեքստում, ինչը հնարավորություն կտա ապագայում ավելի ճկուն և գործնական դատական պրակտիկայի ձևավորման համար։
Այսպիսով, թեև Վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել ստորադաս ատյանների որոշումները, սակայն իր մեկնաբանություններով հստակեցրել և ճշգրտել է իրավական մոտեցումները, որոնք կարող են էական դեր ունենալ ապագայում նմանատիպ վարչական գործերով դատական պրակտիկայի կայունացման և միատեսակ կիրառման համար:
Ծանուցում
Թիվ ՎԴ/3753/05/21 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։