Ե՞րբ կարելի է իրավախախտումը համարել կրկնակի կատարված


  • 2025-07-16

Վարչական դատարանը բավարարեց անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայցը՝ անվավեր ճանաչելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 06.04.2022 թվականին ընդունված թիվ 0523-22 որոշումը։ Դատարանն արձանագրեց, որ վիճարկվող վարչական ակտը հիմնված էր մեկ այլ՝ արդեն իսկ անվավեր ճանաչված որոշման հիման վրա, ինչն ինքնին բացառում էր դրա իրավաչափությունը։
Վարչական ակտով ՊԵԿ-ը որոշել էր ժամանակավորապես կասեցնել հայցվորի՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը՝ վկայակոչելով հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման կրկնությունը մեկ տարվա ընթացքում։ Որպես հիմք՝ ներկայացվել էր 25.03.2022թ. թիվ 4207571 վարչական ակտը, որով, իբրև թե արձանագրվել էր ՀԴՄ չտրամադրելու երկրորդ խախտումը։
Հայցվորի դիրքորոշումը.
Դատարանին ներկայացրել էինք, որ վիճարկվող ակտի հիմքում ընկած՝ 25.03.2022թ. թիվ 4207571 տուգանք առաջադրելու որոշումը վիճարկվել էր թիվ ՎԴ/2707/05/22 վարչական գործով և անվավեր էր ճանաչվել (վճիռը մտել է օրինական ուժի մեջ), ուստի իրավաչափ չէր վարչական պատասխանատվություն կիրառելը՝ հիմնվելով գոյություն չունեցող խախտման վրա։
Դատարանի եզրահանգումները.
Վարչական դատարանը պարզեց, որ ՊԵԿ-ի կողմից կայացված 06.04.2022թ. թիվ 0523-22 որոշումը փաստացի հիմնված է եղել արդեն իսկ անվավեր ճանաչված վարչական ակտի վրա։ Հետևաբար դրա հիման վրա ընդունված ցանկացած վարչական ակտ կորցնում է իր իրավաչափության հիմքը։
Դատարանը հղում կատարեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին՝ արձանագրելով, որ ոչ իրավաչափ վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման։
Բացի դրանից, դատարանը նշեց նաև, որ վարչական մարմինը չի կարող խախտումը որակել որպես «կրկնակի», եթե դրա հիմքում ընկած նախորդ խախտման վերաբերյալ վարչական ակտը իրավական ուժ չունի։ Դատարանն ընդգծեց նաև այն սկզբունքը, որ յուրաքանչյուր վարչական ակտ պետք է հիմնված լինի բավարար փաստական և իրավական ուժ ունեցող հիմքերի վրա։
Վերաքննիչ վարույթ.
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել էր վերաքննիչ բողոք՝ վիճարկելով վարչական դատարանի վճիռը, սակայն Վերաքննիչ վարչական դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, ամբողջությամբ մերժեց բողոքը՝ թողնելով վարչական դատարանի վճիռն անփոփոխ։

Ծանուցում.
Թիվ ՎԴ/3263/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

 

 

Share