Նախարարի մերժումն անվավեր է


  • 2021-09-14

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մերժվել էր դեղեր ներմուծող Ընկերության կողմից թվով երկու անուն դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Նախարարի հիմնավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա են եղել որոշ անհամապատասխանություններ:
Գործի քննության ընթացքում Դատարանը, քննարկման առարկա դարձնելով այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք իրավաչափ է եղել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով Ընկերության կողմից դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն մերժելը ներմուծվող դեղի արտաքին փաթեթավորման գրառումներում և ներդիր թերթիկի գրառումներում հավելյալ ցուցում առկա լինելու պատճառաբանությամբ, արդարացիորեն արձանագրեց, որ վարչական մարմինը ոչ իրավաչափ իրավական հիմնավորմամբ է հանգել այն եզրակացության, որ ներմուծվող դեղի արտաքին փաթեթավորման գրառումներում և ներդիր թերթիկի գրառումներում հավելյալ ցուցում առկա լինելը հիմք է ներմուծվող արտադրանքի փաթեթավորման գրառումներում հատուկ նախազգուշացումների բացակայելու կամ գրանցանմուշին չհամապատասխանելու հիմնավորմամբ:
Մասնավորապես, ըստ Դատարանի՝ նախազգուշացնող գրառումներն իրենցից ենթադրում են դեղի օգտագործման վերաբերյալ որոշակի հրահանգներ (օրինակ՝ դեղի պահպանման ջերմաստիճան, դեղի օգտագործման համար անհրաժեշտ նվազագույն տարիք և այլն), մինչդեռ դեղի կիրառման ցուցումները դեղի օգտագործման պայմաններն, այսինքն՝ պայմանները կամ իրավիճակները, երբ կարելի է դեղը կիրառել, օգտագործել (օրինակ՝ հիվանդությունը, որի դեմ բուժման միջոց է դեղը):
Արդյունքում դատարանը եկավ այն համոզման, որ վիճարկվող վարչական ակտն ընդունելիս վարչական մարմինը կիրառել է կիրառման ոչ ենթակա իրավական նորմ, որպիսի պայմաններում հայցը բավարարեց՝ համապատասխանաբար անվավեր ճանաչելով վիճարկվող վարչական ակտը: 

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/0464/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Share