Անվտանգության գոտին չամրակապելու համար վարչական պատասխանատվությունը չի կարող վրա հասնել միայն ՃՈ տեսուչի համոզմունքի արդյունքում


  • 2022-07-28

Հայցվորը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով ենթարկվել է տուգանքի` 10,000 դրամի չափով, ինչպես նաև կիրառվել էր լրացուցիչ տույժ՝ տուգանային 1 միավորի չափով: Նշյալ որոշման համաձայն՝ Հայցվորը տրանսպորտային միջոցը վարել էր անվտանգության գոտիով չամրակապված վիճակում, չնայած այն հանգամանքին, որ հայցվորը տվել էր համապատասխան բացատրություն առ այն, որերթևեկել էր ընդամենը 20 կմ/ժ արագությամբ և եղել էր  ամրակապված:
Ուսումնասիրելով գործում առկա փաստերը և դրանց հիմքում ընկած ապացույցները՝ դատարանը հաստատված համարեց, որ վարչական մարմի իրականացրած վարչական վարույթում որևէ կերպ չի հիմնավորվում Հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը անվտանգության գոտիով չամրակապված վիճակում վարելու փաստի առկայությունը, որպիսի պարագայում դատարանը գտավ, որ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր էր հաստատել վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև Հայցվորի  մեղավորությունը այն կատարելու մեջ:
Ավելին՝ վարչական մարմինը վարույթն իրականացրել էր թերի, մասնավորապես` չէր իրականացրել գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար պարտադիր և անհրաժեշտ վարչարարություն, ինչի հետևանքով կայացրել էր չհիմնավորված վարչական ակտ:
Դատարանն անհրաժեշտ համարեց նաև նշել, որ վարչական վարույթում ձեռք բերված և գնահատված միակ ապացույց հանդիսացող ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արձանագրությունը չի պարունակում իրավախախտման արձանագրման պահին Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից իրավախախտման հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցի` տեսախցիկի կիրառման վերաբերյալ տեղեկություն, որպիսի տեխնիկական միջոցի կիրառման պայմաններում վարչական մարմինը հնարավորություն կունենար հաստատել վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը:
Ամբողջ վերոնշյալի հաշվառմամբ դատարանը եկավ այն եզրահանգման, որ վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչի արդյունքում այն ճանաչեց անվավեր:


Ծանոթություն.
Թիվ ՎԴ/8798/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Share