Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշումն անվավեր ճանաչվեց


  • 2023-05-05

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մեկ տարի ժամկետով զրկել էր Ա. Ս.-ին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված պահանջը դիտավորյալ չկատարելու պատճառաբանությամբ: Տվյալ պարագայում վարչական մարմնի կողմից, որպես վարչական իրավախախտման փաստը հաստատող ապացույց, հանդիսանում էր միայն արձանագրությունը, որտեղ արդեն իսկ քաղաքացին արտահայտել էր իր անհամաձայնությունը՝ իրեն վերագրվող արարքի հետ կապված:
Տվյալ դեպքում, նախ, բողոքարկվող վարչական ակտում բացակայում էր ոստիկանության ծառայողի՝ Օրենքով սահմանված կարգով տրված պահանջի մասին ապացույցները, ավելին՝ պարզ չէր, թե ճանապարհային ոստիկանության ծառայողը ի՞նչ հիմքով էր քաղաքացուն ներկայացրել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջը և արդյո՞ք այդպիսի պահանջ առհասարակ ներկայացվել էր, թե ոչ, միաժամանակ բացակայում էին այնպիսի ապացույցներ, որոնցով կարող էր հաստատվել ենթադրյալ իրավախախտումը դիտավորությամբ կատարելու փաստը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացված հայցով միջնորդել էինք կասեցնել վարչական ակտի կատարումը՝ մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատարանը հիմնավոր համարելով միջնորդությունը՝ արդարացիորեն բավարարել էր այն:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վերոնշյալ միջնորդության դեմ Ծառայության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել էր՝ արձանագրելով, որ հատկորոշված իրավիճակում գերակայություն պետք է տրվի հայցվորի իրավունքների պաշտպանության ապահովմանը:
Այսպիսով, Ծառայությունը չկարողացավ ապահովել ապացույցների այնպիսի բավարարություն (օրինակ՝ ճանապարհապարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկով ենթադրյալ իրավախախտման փաստը ձայնագրած տեսանյութ), որոնցով անհերքելի կդառնար հայցվորի կողմից տրանսպորտային միջոցը՝ ոստիկանության ծառայողի պահանջով չկանգնեցնելու փաստը, այլ կերպ ասած՝ այդ փաստը մնաց չապացուցված:
Վերոգրյալ ամբողջի լույսի ներքո Դատարանը եզրահանգեց, որ հայցվորը վիճարկվող որոշմամբ պատասխանատվության էր ենթարկվել ոչ իրավաչափորեն, քանի որ վերջինիս վերագրվող վարչական իրավախախտման փաստը չհաստատվեց, որպիսի պայմաններում հայցապահանջը ամբողջությամբ բավարարեց:

Ծանոթություն.
Թիվ ՎԴ/5737/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Share